«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարինե Խոդիկյանը: Ընդգրկուն իմաստով` «Թևանիկը» պատերազմական գոտում հայտնված հայկական գյուղի մեկ օրվա կյանքն է: Կերպարներն իրական են: Նկարահանումները կատարվել են Արցախի Պատարա և Խաչեն գյուղերում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆՆ ասաց, որ կերպարներն ստեղծել է իր երևակայությամբ` մտնելով նրանց հոգեվիճակի մեջ, բայց նաև համոզված է, որ նրանցից ամեն մեկի մեջ Ջիվանը տեսել է ինչ-որ մեկին. և՛ Թևանիկը, և՛ Արամը դարձել են նրա ճանաչած մարդկանց կերպարանավորումը. «Ես պատերազմը չեմ տեսել: Ես ստեղծել եմ գրական գործ, Ջիվանը դարձրել է այն կյանքային, որը կարող է անել միայն նա, ով այդ ամենը տեսել, զգացել է իր մաշկի վրա»:
ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ իր հերթին նկատեց, որ ֆիլմում հնչած ամեն խոսք ժամանակին ինչ-որ մեկինն է եղել, և յուրաքանչյուր ոք, ֆիլմը դիտելով, կգտնի ինչ-որ մի բան` իրեն հարազատ, իր հետ կատարված: «Ես գնում եմ, բայց դու չփոշմանես»,- ասում է ֆիլմի հերոսներից մեկը, ու Ջիվանի եղբայրը ֆիլմը դիտելիս զարմանքով նկատում է, որ դրանք իր խոսքերն են:
«Թևանիկը» հայ-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է: Ամիսներ առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը բացատրական պահանջով հայցադիմում էր ներկայացրել լիտվական կողմին, պարզելու համար, թե ինչով է պայմանավորված նրանց մասնակցությունը ֆիլմի նկարահանումներին: Լիտվայում Ադրբեջանի դեսպանությունը հետաքննելու էր «Թևանիկի» հարցը: «Իրատես de facto»-ն հետաքրքրվեց, թե ինչ ընթացք են ունեցել Ադրբեջանի «պարզաբանումները»: Ջիվան Ավետիսյանի տեղեկացմամբ` գործն ընթացք չի ունեցել և որևէ խոչընդոտ չի առաջացրել ո՛չ հայկական, ոչ լիտվական կողմի համար, որպեսզի ֆիլմը ավարտին հասցվի:
Ադրբեջանական հիստերիային լիտվական կողմը չի արձագանքել: Այս մասին փաստեց նաև ֆիլմի համապրոդյուսեր ԿԵՍՏՈՒՏԻՍ ԴՐԱԶԴԱՈՒՍԿԱՍԸ, նշելով, որ Թևանիկը ինչ-որ առումով համամարդկային և խաղաղարար ֆիլմ է. «Ստեղծվել է գեղարվեստական ֆիլմ, առաջ հերթին ֆիլմ մարդկանց մասին: Ջիվանը լավ աշխատանք է արել: Ֆիլմն ինձ շատ է դուր եկել, հետաքրքիր է սյուժեով, կառուցվածքով: Այն միայն հայկական չէ, միջազգային է»:
Հավելենք, որ «Թևանիկը» ներկայացվելու է Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ